Երերույք

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Ունիկալ գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Հայաստանի ազգային պատկերասրահ Նկարագրություն ՝  Արշակ Ֆեթվաճյանը հայկական կերպարվեստում ճարտարապետական բնանկարի հիմնադիրն է և լավագույն ջրանկարիչներից մեկը: Նրա ստեղծագործությունը հարուստ է տարբեր ժանրերով` դիմանկար, բնանկար, կրոնական և կենցաղային կոմպոզիցիաներ, ազգային հանդերձներով տիպարներ: Ֆեթվաճյանը 1882-1887 թթ. սովորել է Կ.Պոլսի Գեղարվեստի կայսերական վարժարանում, 1887-1891 թթ. ուսանել Հռոմի «Սան Լուկա» գեղարվեստի ակադեմիայում: Նկարչի ստեղծագործական գործունեությունը բաժանվում է հետևյալ ժամանակահատվածների. 1882-1900 թթ. Եվրոպայի քաղաքներում` Հռոմում, Վենետիկում, Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում ուսանած տարիներ, 1900-1919 թթ. ստեղծագործական գործունեություն Անիում, Արևելյան Հայաստանում, Կովկասի մի շարք քաղաքներում, 1919-1922 թթ. Փարիզում, Լոնդոնում, ապա 1922-1947 թթ. Ամերիկայում ստեղծագործած ժամանակահատված: Ա. Ֆեթվաճյանի ժառանգության հիմնաքարն են 1900-1919 թթ. Արևելյան և Արևմտյան Հայաստանում արված հայկական միջնադարյան եկեղեցական կոթողների ջրանկարները, ճարտարապետական մանրամասների և քանդակազարդ բեկորների մատիտային ընդօրինակությունները, որոնց շարքից է «Երերույք, Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցի» գծանկարը: Երերույքի տաճարը գտնվում է Շիրակի մարզում՝ Անիպեմզա բնակավայրի մոտ, Անիից 5 կմ հեռավորության վրա: Այն հիմնվել է վաղ քրիստոնեական շրջանում՝ 4-6-րդ դարերում։ Երերույքի եռանավ բազիլիկան ոչ միայն հայկական դասական ճարտարապետության, այլև ընհանրապես քրիստոնեական վաղ շրջանի կառուցողական արվեստի նվաճումներից է: Տաճարը հսկա բազիլիկ է՝ կառուցված աստիճանաձև պատվանդանի վրա։ Ըստ ժողովրդական ստուգաբանության՝ անվանումն առաջացել է սյուների միջոցով ստացված ճարտարապետական լուծման հետևանքով, որի շնորհիվ հեռվից թվացել է, թե կառույցը երերում է։ Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, մատիտ Հեղինակ՝  Ֆեթվաճյան Արշակ Աբրահամի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1900-1912 թթ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊ Հիմնական հաշվառանիշ՝  - Բաժնեհաշվառանիշ՝  29044/1-6