Մեր մասին
Յուրաքանչյուր երկրի գերակայություններից է իր մշակութային արժեքների պահպանումն ու հանրահռչակումը: Հայաստանի Հանրապետության մշակութային շարժական հարստությունը թե´ հասարակության լայն զանգվածներին, և թե´ այդ հարստությունն ուսումնասիրող գիտնական-հետազոտողներին առավել հասանելի և մատչելի դարձնելու գործում չափազանց կարևոր է տարբեր պետական և ոչ պետական հավաքածուների վերաբերյալ տեղեկույթը միասնական ձևաչափով մեկ տիրույթում միավորելու և աշխարհին ներկայացնելու խնդիրը: Հենց այս նպատակին է ծառայում մշակութային արժեքների էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանը:
Շտեմարանը մի հանգույց է, որտեղ մեկ հարկի տակ է հավաքվում վաղնջական ժամանակներից մինչև մեր օրերը ստեղծված մշակութային գանձերի վերաբերյալ թվայնացված տեղեկույթը` անկախ դրանց սեփականության ձևից և ստեղծման ժամանակից: Այն կամավորության սկզբունքով, սեփականատերերի հայտերի հիման վրա, ներառում է նաև պետական սեփականություն չհանդիսացող թանգարանային, արխիվային և ձեռագիր ու տպագիր հավաքածուները: Շտեմարանը նպատակ ունի ներառելու նաև պատմական ճակատագրի բերումով աշխարհի տարբեր կառույցներում, հայ համայնքների բազմաթիվ հաստատություններում և անհատների մոտ առկա հայկական մշակութային շարժական արժեքները: Այդ կերպ կարևորվում է ոչ միայն մեր մշակույթի պահպանումն ու զարգացումը, այլև համապատասխան մակարդակով արտերկրում և Հայաստանի Հանրապետությունում գտնվող մշակութային արժեքների հանրահռչակումը:
Շտեմարանը հնարավորություն է ընձեռում նաև առավել արդյունավետ իրականացնելու արժեքների պահպանման գործընթացը, վերահսկելու դրանց տեղաշարժը, կանխելու արժեքների ապօրինի արտահանումն ու առևտուրը, կանխարգելելու դրանց նկատմամբ uեփականության իրավունքի ապօրինի փոխանցումը: