Ռինալդո և Արմիդա

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Հայաստանի ազգային պատկերասրահ Նկարագրություն ՝  Լուսավորության դարաշրջանի գեղանկարիչ, գրաֆիկ և փորագրանկարիչ Ժան Օնորե Ֆրագոնարը սովորել է Ժան Բատիստ Շարդենի, Ֆրանսուա Բուշեի և Կարլ վան Լոոյի մոտ: Նկարիչը 1789-94 թթ. աշխատել է Լուվրի Ազգային թանգարանում որպես ֆոնդապահ: Ստեղծագործել է Հռոմում, Վենետիկում, Նեապոլում և Փարիզում: Շարունակել է Բուշեի արվեստի ավանդույթները` տուրք տալով ռոկոկո ոճին: Պատկերել է ժանրային և գալանտ տեսարաններ, դիցաբանական հորինվածքներ, բնանկարներ և դիմանկարներ, որոնք աչքի են ընկնում կոլորիտի թարմությամբ, թեթևությամբ, նուրբ դեկորատիվությամբ, ինչը հատուկ էր ուշ ռոկոկոյին: “Ռինալդո և Արմիդա” կտավը ռոկոկո ոճի բնորոշ հորինվածք է: 16-րդ դարի իտալացի բանաստեղծ Տորկվատո Տասսոյի “Ազատագրված Երուսաղեմ” պոեմից փոխառած սյուժեն շատ տարածված էր այդ ժամանակաշրջանի արվեստում: Այն նվիրված է Առաջին խաչակրաց արշավանքին և մասնավորապես Արմիդայի և Ռինալդոյի սիրո պատմությանը: Սարակինոսների առաջնորդների դուստր գեղեցկուհի Արմիդան, հրապուրելով խաչակիր ասպետ Ռինալդոյին, նրան տանում է հեռավոր կղզի, իր կախարդական այգիները, որտեղ նա մոռանում է զինվորի իր պարտքի մասին: Մեր հավաքածուի “Ռինալդո և Արմիդա” կտավում նկարչին կարծես չի հետաքրքրել պատմական սյուժեի լիարժեք փոխանցումը: Կտավում Արմիդան պատրաստվում է սրով սպանել քնած Ռինալդոյին, սակայն երկնքում ճախրող ամուրները հեռացնում են նրա ձեռքը և Արմիդայի սիրտը խոցում սիրո նետով: Հորինվածքի քնարական մթնոլորտը ստեղծված է լուսաստվերի սահուն անցումների, ռիթմերի և գուներանգների նրբին հարաբերումների շնորհիվ: Նյութը՝  կտավ, յուղաներկ Հեղինակ՝  Ֆրագոնար Ժան Օնորե Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  անհայտ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊ Հիմնական հաշվառանիշ՝  907 Բաժնեհաշվառանիշ՝  597